ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՌԴ սակրավորներն ավարտել են Մարիուպոլի նավահանգստի ականազերծման աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Սևծովյան նավատորմի մասնագետներն ու ինժեներական զորքերը ավարտին են հասցրել Մարիուպոլի նավահանգստի տարածքի ականազերծումը։ Աշխատանքների ընթացքում 134 շինություն է զննվել։ Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 12 հազար միավոր պայթյունավտանգ առարկա և ուկրաինացի գրոհայինների կողմից թողած սպառազինությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն` սակրավորները խորտակված նավերից և այլ նավիգացիոն խոչընդոտներից ազատել են ջրանցքները և ներքին ջրային տարածքները։
Ընդհանուր առմամբ ավելի քան 1.5 մլն քմ ջրային տարածք, 18 նավամատույց և 32 նավ է զննվել։
Բացի այդ, Սևծովյան նավատորմի մասնագետները Մարիուպոլի նավահանգստի նավարկուղուց տեղափոխել են «ազովականների» կողմից խորտակած ուկրաինական սահմանապահ նավ, ինչպես նաև երկու լողացող ամբարձիչ են բարձրացրել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 90-րդ օրը։