ՀԱՊԿ պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական անվտանգության հարցեր

Սուրեն Պապիկյանը` ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը կանցկացվի Հայաստանում 2022թ. չորորդ եռամսյակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների հետ կապված հարցեր։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից` հիշեցնելով, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ, տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:
Տեղեկացվում է, որ քննարկվել է նաև Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության արդյունքներով ձևավորված առաջարկությունների իրագործման ընթացքը:
«Նիստի մասնակիցները հավանության են արժանացրել համատեղ պատրաստության պլանավորման, բազային ուսումնամեթոդական և գիտահետազոտական կազմակերպությունների համակարգի զարգացման ու կատարելագործման, հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության, բժշկական ապահովման և մի շարք այլ հարցեր»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ քարտուղարին առաջարկել է բոլոր ընդունված փաստաթղթերի ստորագրումը կազմակերպել անհատական կարգով:
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի անցկացումը ծրագրվել է 2022թ. չորորդ եռամսյակում, Հայաստանի Հանրապետությունում, ՀԱՊԿ հավաքական անվտանգության վեհաժողովի նախօրեին:
ՀԱՊԿ սահմանների երկայնքով լարվածության երկարաժամկետ օջախներ են ձևավորվում. ՌԴ ՊՆ