ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Նիդեռլանդների լրագրողների ասոցիացիան (NUJ), ինչպես նաև մամուլի ազատությունը պաշտպանող մի շարք կազմակերպություններ մտադիր են ԵՄ-ում RT-ի ու Sputnik-ի արգելափակումը վիճարկել Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարանում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ինտերնետային կապի մի խումբ մատակարարներ ու կազմակերպություններ, որոնք համացանցի և մամուլի ազատության կողմնակիցներ են, Եվրոպական դատարանին խնդրելու են ռուսական RT և Sputnik պետական ԶԼՄ-ների համաեվրոպական արգելափակման վերաբերյալ որոշում կայացնել: Համապատասխան դիմումը Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարան կներկայացվի մայիսի 24-ին»,- նշված է հայտարարության մեջ։
Հոլանդական կազմակերպությունների կարծիքով՝ ԵՄ նախարարների խորհուրդն այդ ԶԼՄ-ների գրաքննության մասին որոշում է կայացրել՝ շրջանցելով տեղեկատվության ազատությունը, որն ամրագրված է մարդու իրավունքների մասին փաստաթղթերում:
«Առանց անկախ ու մանրակրկիտ ստուգման հապճեպ որոշվել է անհապաղ գրաքննություն սահմանել։ Հարցն այն է՝ արդարացվա՞ծ են արդյոք նման ոչ ժողովրդավարական քայլերը»,- ասված է հայտարարության մեջ։
Sputnik գործակալության և RT հեռուստաալիքի հեռարձակումն ու նյութերի տարածումը ավելի վաղ արգելվել էր ԵՄ-ում: