«Դիմադրություն» շարժումը վաղը հանրահավաքը կանցկացնի Սասունցի Դավթի արձանի մոտ

Հայտնում են, որ այսօր հանրահավաք և երթ նախատեսված չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները վաղը հանրահավաք են անցկացնելու Էրեբունի վարչական շրջանում` Սասունցի Դավթի արձանի մոտ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Վատ եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ նախատեսված չեն։ Վաղը՝ մայիսի 24-ին, առավոտյան՝ ժամը 08:00-ին, բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. միասին կարևոր անելիք ունենք»,– նշել է Սաղաթելյանը:
Երեկոյան հանրահավաքը կլինի ժամը 19:00-ին։

Այս շաբաթվա ընթացքում ընդդիմության հանրահավաքները անցկացվելու են Երևանի տարբեր վարչական շրջաններում, ըստ կազմակերպիչների, «այդ վայրերում ապրող մեր քաղաքացիներին ավելի լավ առիթ տալով միանալու համազգային շարժմանը»:

Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։