ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Մարդկանց շրջանում կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքերի թիվը ոչ էնդեմիկ երկրներում հասել է 92-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ):
Մայիսի 21-ի տվյալներով՝ ԱՀԿ-ն հաղորդագրություններ է ստացել կազմակերպության անդամ 12 ոչ էնդեմիկ երկրներից կապիկների ծաղիկ հիվանդության 92 լաբորատոր հաստատված դեպքերի մասին: Կազմակերպությունում հավելել են, որ հիվանդության ևս 28 դեպք ուսումնասիրվում է։
«Այսօրվա դրությամբ այդ հիվանդության հետ կապված մահվան ոչ մի դեպք չի գրանցվել»,- նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է։ Այն հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից: Այս վիրուսը նման է բնական ծաղիկ հիվանդության վիրուսին:
Արդեն իսկ կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքեր են հաստատվել եվրոպական մի շարք երկրներում, ներառյալ՝ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պորտուգալիան, Գերմանիան, Բելգիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Իտալիան և Շվեդիան։ Կապիկի ծաղիկով վարակման դեպքերի մասին հաղորդվել է նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։