ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՊՊԾ նախկին աշխատակից, փոխգնդապետ Արամ Գրիգորյանին բերման են ենթարկել։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
Նշենք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության ծառայողներն առավոտից խուզարկություն էին իրականացնում փոխգնդապետի բնակարանում։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խուզարկության են եկել մի տեսագրության հետքերով, որտեղ Գրիգորյանը ձմռանը մուրացկաններին գումար է բաժանում։
«Այժմ էլ հավաքի (նկատի ունի ընդդիմության հավաքները,– խմբ.) մասնակիցների ցուցակներ են փնտրում։ Ծիծաղել է, բայց այդպես է»,– նշեց Վարոսյանը։
Խուզարկությունից հետո փաստաբանը հայտնեց, որ ոչ մի ապօրինի բան չի հայտնաբերվել, սակայն դրանից հետո է որոշում կայացվել Գրիգորյանին բերման ենթարկելու մասին։
Նշենք, որ Արամ Գրիգորյանը եղել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի օգնականը։