ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Այսօրվա մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ ի տարբերություն նախորդ օրերի, այսօր հավաքների, այլ ակցիաների մասնակիցների և ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը` նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակել է իրականացել Երևան քաղաքում տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում, այդ թվում ԶԼՄ հրապարակումների ուսումնասիրության միջոցով։
«Դրանց ընթացքում, հիմնականում միջադեպեր տեղի չեն ունեցել, իսկ եղածները տեղում հարթվել են»,–ասված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանը արձանագրում է, որ նման արդյունավետ փոխգործակցությունը ողջունելի է թե՛ոստիկանության ծառայողների պատշաճ վարքագիծ դրսևորելու, թե՛ հավաքի մասնակիցների խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի երաշխավորման և թե´ հավաքին չմասնակցող այլ անձանց իրավունքները երաշխավորելու տեսանկյունից։
«Նման փոխգործակցությունը բխում է բոլորի իրավաչափ շահերից»,–ընդգծված է հայտարարության մեջ։
Մարդու իրավունքների պաշտպանը խոստանում է շարունակել հետևել տեղի ունեցող գործընթացին և հետամուտ լինել վերհանված խախտումների հասցեագրման հարցում։
Մայիսի 2-ին ընդդիմությունը վերսկսեց բողոքի ակցիաները։ Մասնակիցները պահանջում են իշխանությունների հրաժարականը Արցախի հարցում նրանց վարած քաղաքականության պատճառով։
Ոստիկանության ծառայողները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս երբեմն բիրտ ուժ են կիրառում, ինչը առաջացնում է հասարակության վրդովմունքը։