ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ Մեղրիում չկառուցվեց նավթավերամշակման գործարանը. փորձագետը` ռիսկերի մասին

Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մեղրիում նավթավերամշակման գործարան կառուցելու չիրականացված ծրագրին և հեռանկարին։
Sputnik
Հայ-իրնական սահմանին նավթավերամշակման գործարանի կառուցման նախագիծը չիրականացավ, որովհետև մի կողմից մեծ ազդեցություն ունեցան հակաիրանական պատժամիջոցները, մյուս կողմից` հարևան Վրաստանի աշխարհաքաղաքական դիրքորոշումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը։
Ըստ նրա` երբ այդ գործարանի շահագործումը դիտարկվեց բացառապես ներհայաստանյան շուկան նավթամթերքով ապահովելու համար, ապա պարզ դարձավ, որ ներդրումների իրականացումը հեռանկարային չիր կարող լինել, քանի որ ի սկզբանե ենթադրվում էր, որ գործարանը լինելու է տարածաշրջանային նշանակություն ունեցող և տեղում արտադրվող նավթամթերքը Վրաստանի տարածքով կամ նավթամուղով արտահանվելու էր երրորդ երկրներ։
«Հաշվի առնելով Վրաստանի կեցվածքը` նախագիծը սառեցվեց, և հասկանալով, որ նման ներդրում իրականացնելով իրանական կողմը հայտնվում է բավականին լուրջ ռիսկի ներքո գումարների վերադարձելիության տեսանկյունից, Թեհրանը նույնպես ակտիվություն չցուցաբերեց։ Հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա կարմիր գծերի հանգամանքը` սույն նախագիծը թեև պետք է գտնվի հայ-իրանական օրակարգում, և դրա մասին անհրաժեշտ է պարբերաբար խոսել, բայց այս պահին նման նախագիծը կյանքի կոչելու իրական նախադրյալներ Հայաստանում չկան»,– նշեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։
Դավթյանը հիշեցրեց, որ հայ-իրանական սահմանին նավթավերամշակման գործարան կառուցելու նախագիծը մշակվել է դեռ Խորհրդային Միության օրոք և մասնավորապես 1960–ական թվականներին այն բերվել էր Մոսկվայի ու Թեհրանի օրակարգ, նույնիսկ սկսվել էին որոշակի հետազոտական աշխատանքներ։ Սակայն այդ ժամանակահատվածում և իսլամական հեղափոխությունից առաջ Իրանը, հատկապես նավթի մատակարարումների մասով, առավելապես կախված էր ԱՄՆ–ից։ Հետևաբար Իրանը որոշեց հետ կանգնել այդ նախաձեռնությունից և խորացնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։
Խորհրդային Միության փլուզումից հետո, արդեն նոր իրողությունների պայմաններում, երբ ՀՀ–ում հաջողվեց հաղթահարել էներգետիկ ճգնաժամը, 2000-ականների սկզբին նորից գրեթե նույն տրամաբանությամբ օրակարգ բերվեց հիշյալ նախագիծը։
Ըստ Դավթյանի` երբ օրակարգից փաստացիորեն հանվեց նավթավերամշակման գործարանի նախագիծը, սկսեց խոսվել նաև նավթամուղի կառուցման մասին, որը Թավրիզից պետք է գար–հասներ Մեղրի, սակայն այդ նախագիծը ևս կյանքի չկոչվեց, որովհետև պահանջում էր շուրջ 250-300 միլիոն դոլարի ներդրում։ Իսկ հաշվի առնելով այն, որ Հայաստանի ներսում արդեն սկսվել էին բավականին ակտիվ գազաֆիկացման աշխատանքներ, և բնական գազն ակտիվորեն օգտագործվում էր որպես ավտովառելիք, իսկ Հայաստանի ներսում բենզինի ու դիզվառելիքի սպառումը լավագույն դեպքում հասնում է 200-250 հազար տոննայի, ապա նման խոշոր ենթակառուցվածքային նախագծի իրագործումը տնտեսապես արդարացված չէր կարող լինել։
Ռուսաստանի հետ նավթագազային խաղերը Եվրոպային փակուղի են մտցրել
Հիշեցնենք, որ հայ-իրանական սահմանին նավթավերամշակման գործարանի կառուցման հարցը քննարկվում է 2000–ականների վերջից, սակայն բանակցություններից և երկու կողմի պաշտոնյաների հայտարարություններից այն կողմ, սայլը տեղից չի շարժվել։