Այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցագիր չեմ ստացել. զինդատախազը` զոհվածների ծնողներին

Զինդատախազ Մարտիրոսյանն ընդգծեց` անպայման կպարզեն, թե ինչու պատշաճ չի ծանուցվել դատական նիստի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստի զինդատախազ Արշակ Մարտիրոսյանը Վերաքննիչ քրեական դատարանի մոտ հանդիպեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների հետ։
Այսօր պետք է տեղի ունենար վերոնշյալ դատական նիստը, սակայն դատախազի չներկայանալու պատճառով այն հետաձգվեց։ Զոհվածների և անհետ կորած զինծառայողների հարազատները սույն գործում պետք է ներգրավվեին որպես տուժողներ։
«Ես այսօրվա նիստի վերաբերյալ դատարանից ծանուցագիր չեմ ստացել` ոչ բանավոր, ոչ էլ գրավոր։ Տեղեկացել եմ առավոտյան, երբ ժամը 10։00-ին նիստը նշանակված է եղել։ Մենք հիմա կպարզենք, թե ինչու ծանուցագիրը ժամանակին չի հասել ինձ։ Տեղեկացվել եմ նաև, որ դատական նիստը հետաձգվել է վաղը չէ մյուսը օրը, որին անձամբ կգամ ու կմասնակցեմ։ Հարցերը, որոնք իրավական գործընթացի վերաբերյալ ձեզ կմտահոգեն ու դատարանում քննարկման ենթակա կլինեն` կքննարկենք դատարանում»,– ասաց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` հավելյալ հարցերի դեպքում, նրանք ծնողներին կհրավիրեն զինվորական դատախազություն և կփորձեն լուծել խնդիրները։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները փակել են Վերաքննիչ քրեական դատարանի հարակից փողոցը
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2022 թվականի մայիսի 4-ին վարույթ է ընդունվել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում` քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով։ Մարտիրոսյան խոսքով` հենց այդ ժամանակվանից հսկողությունն իրականացնում է զինվորական դատախազությունը։
ՀՀ զինվորական դատախազի հանձնարարությամբ ձևավորված է դատախազական խումբ, որում ներառված են մի շարք դատախազներ, իսկ խումբը գլխավորում է զինդատախազի տեղակալ Գուրգեն Գուրգեն Հակոբյանը։
Հայտնել ենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները փակել են Վերաքննիչ քրեական դատարանի հարակից` Գարեգին Նժդեհի փողոցը։ Նիստի հետաձգումը ծնողների վրդովմունքի պատճառ էր դարձել, նրանք էլ որոշել էին այդ կերպ արտահայտել իրենց բողոքը։