Երթևեկությունը խոչընդոտողները վարչական պատասխանատվության կենթարկվեն. ոստիկանություն

Ավտոերթ Երևանում
Ոստիկանությունը հայտնում է, որ ցուցարարների այդ կարգի գործողությունները իրավախախտում են և առաջացնում են վարչական պատասխանատվություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Վերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երթևեկությանը խոչընդոտել են նաև խմբակային տեղաշարժերի միջոցով:
«Վարորդների մասնակցությամբ այդպիսի խմբակային տեղաշարժերը ոչ միայն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, խանգարում երթևեկությանը, այլև ստեղծում են երթևեկության անվտանգության սպառնալիք»,–նշված է հաղորդագրության մեջ:
Շեշտվում է, որ այդ կարգի գործողությունները իրավախախտում են և առաջացնում են վարչական պատասխանատվություն:
Ոստիկանությունը կոչ է անում վարորդներին՝ զերծ մնալ իրավախախտումներից, երթևեկությանը խոչընդոտելու միջոցով այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը սահմանափակելու փորձերից և պահպանել համակեցության կանոններն ու փոխադարձ հարգանքը երթևեկության բոլոր մասնակիցների հանդեպ:
Հիշեցնենք, որ ընդդիմությունն այսօր ավտոերթեր է անցկացնում Երևանում։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։