ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Եթե ՆԱՏՕ-ում Շվեդիայի հայտը հավանության արժանանա, այն դեմ կլինի իր տարածքում միջուկային զենքի ու ռազմաբազաների տեղակայմանը։ Տեղեկությունը հետևում է իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հայտարարությունից։
«Սոցիալ-դեմոկրատները ձգտելու են հասնել այն բանին, որ Շվեդիան, եթե հայտը հավանության արժանանա ՆԱՏՕ-ի կողմից, միակողմանի վերապահումներ ներկայացնի երկրի տարածքում միջուկային զենքի ու մշտական բազաների տեղակայման դեմ», - նշված է կուսակցության հայտարարության մեջ:
Այսօր՝ մայիսի 15-ին Շվեդիան որոշում է կայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։ Ֆինլանդիան նույնպես պաշտոնապես որոշել է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին։
Ֆինլանդիան ու Շվեդիան Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին հայտարարել են երկարամյա չեզոքությունից հրաժարվելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին: Դաշինքի ղեկավար Յենս Սթոլթենբերգը նշել է, որ դաշինքը ուրախ կլինի տեսնել Ֆինլանդիային ու Շվեդիային իրենց շարքերում ու կապահովի նրանց արագ անդամակցության հնարավորությունը: ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթն ասել է, որ ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ այդ երկրներն ինքնուրույն որոշումներ կընդունեն առաջիկա «ամիսներին ու շաբաթներին»: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն կողջուներ այդ երկրների անդամակցությունը դաշինքին:
Ռուսաստանում բազմիցս նշել են, որ ՆԱՏՕ-ն հակված է առճակատման։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի մեծ անվտանգություն չի բերի, և որ ՆԱՏՕ-ն ագրեսիվ բնույթ ունի: Ընդ որում, նա նշել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը Ռուսաստանի համար գոյաբանական սպառնալիք չի համարում: