Կյանքիս ամենածանր օրերն էին. Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանն ազատ է արձակվել

Էմմա Սարգսյան
Էմմա Սարգսյանը ձերբակալվել էր ուսանողներին ընդդիմադիրների բողոքի ակցիաներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ագրարային համալսարանի դասախոս, միայնակ մայր Էմմա Սարգսյանն ազատ է արձակվել։ Նա այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Իմ կյանքի ամենածանր երկու օրերն եմ ապրել երեկ չէ առաջին օրը և երեկ:Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց աջակցությունն էին հայտնում ինձ՝ ծանոթ, թե անծանոթ: Առանձնահատուկ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք պատրաստակամություն հայտնեցին դստերս աջակցելու և իր կողքին լինելու համար: 2 օր չունեի կապի ոչ մի միջոց, իսկ այսօր առավոտյան, երբ ես արդեն տանն էի, իսկապես հուզվեցի` կարդալով ձեր գրառումները, նամակներն ու մեկնաբանությունները»,– գրել է նա։
Էմմա Սարգսյանը ձերբակալվել էր մայիսի 12 լույս 13-ի գիշերը ուսանողներին ընդդիմադիրների բողոքի ակցիաներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում։ Նա 13-ամյա անչափահաս դուստր ունի, և քանի որ նրա մերձավոր ազգականները երկրում չեն, Էմմա Սարգսյանը երեխային թողել էր հեռու բարեկամների մոտ։
Բողոքի ակցիաների պատճառով միայնակ մոր ձերբակալությունը ՀՀ-ում չտեսնված դեպք է․փորձագետ
Նշենք, որ քրեական գործի համար առիթ է հանդիսացել մայիսի 9-ին լրատվամիջոցներից մեկի հրապարակած ձայնագրությունը։ Դրանում նշվում է, թե Ագրարային համալսարանի դասախոսն ուսխորհրդի նախագահին կոչ է անում ուսանողներին ներգրավել բողոքի ակցիաներում՝ յուրաքանչյուր ուսանողի համար հազար դրամ առաջարկելով։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ նշված անձը ուսխորհրդի նախագահին 2 մլն դրամ է առաջարկել ընդդիմադիրների բողոքի ակցիաներին 2 հազար ուսանողի մասնակցության դիմաց։
Նախօրեին հայտնի դարձավ, որ քրեական գործի շրջանակում ձերբակալվել է նաև հասարակական գործիչ, «5165» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը: