Ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ չներքաշել. հայտարարություն

Բողոքի ակցիա Երևանում. Արխիվային լուսանկար
Ոստիկանությունը ընդգծել է, որ Բենիկ Արզումանյանը ազատվել է ծառայությունից մայիսի 12-ին, իր՝ ապրիլի 7-ին ներկայացրած զեկուցագրի հիման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ոստիկանությունն անդրադարձել է վերջին օրերին լայն քննարկման արժանացած այն տեղեկություններին, թե «բազմաթիվ ոստիկաններ ծառայությունից ազատվելու զեկուցագրեր են ներկայացնում»։
Մասնավորապես, ակտիվ շրջանառվում է 3 ծառայողի տվյալ։
«Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողներ Խաչիկ Թովմասյանի ու Նարեկ Հարությունյանի կողմից չեն ստացվել ոստիկանությունում ծառայությունից ազատվելու վերաբերյալ զեկուցագրեր, և նրանք հանդիսանում են ոստիկանության ծառայողներ, իսկ Բենիկ Արզումանյանը ազատվել է ոստիկանությունում ծառայությունից մայիսի 12-ին, իր՝ ապրիլի 7-ին ներկայացրած զեկուցագրի հիման վրա»,–նշված է հայտարարության մեջ։
Ոստիկանությունը ընդգծել է, որ ապրիլի 7-ին հանրապետությունում քաղաքական որևէ ակցիա տեղի չէր ունենում։
«Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, որի ծառայության հիմնական նպատակներն են հասարակական անվտանգության ապահովումն ու հանցավորության դեմ պայքարը։ Կոչ ենք անում զերծ մնալ ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելուց»,–նշված է հայտարարության մեջ։
Ոստիկանությունը բերման է ենթարկում երիտասարդների իրազեկման ակցիայի մասնակցներին
Հետաքրքրական է, որ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում չէր հերքել ոստիկանների ազատման դիմում ներկայացնելու փաստը։
«Ազատվածներ չկան։ Ունենք ոստիկաններ, որոնք ներկայացրել են ազատման դիմումներ։ Բայց տվյալ ոստիկանները մեր օրինակելի ոստիկանները չեն»,– ասել էր նա։
Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարել էր, որ որոշ ոստիկաններ հրաժարվել են ուժ կիրառել խաղաղ բողոքի ակցիաներ իրականացնողների դեմ և ազատվել են աշխատանքից։