ՄԱԿ-ը խնդրանքով դիմել է Պուտինին

Վլադիմիր Պուտին
Ուկրաինան գյուղատնտեսական արտադրանքի կարևոր պաշարներ ունի, որոնք պետք են այլ պետություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դևիդ Բիզլին դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` կոչ անելով բացել Սև ծովի ուկրաինական նավահանգիստները։ Տեղեկությունը հայտնում է CNN-ը:
«Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ կմահանան, որովհետև այդ նավահանգիստներն արգելափակված են։ Եթե Դուք աշխարհի հանդեպ կարեկցանք ունեք, անկախ Ուկրաինայի հետ հարաբերություններից` պետք է բացեք այդ նավահանգիստները»,- ասել է նա։
Բիզլիի խոսքով՝ Ուկրաինան գյուղատնտեսական արտադրանքի կենսական կարևորության պաշարներ ունի, ներառյալ՝ ցորենը, որոնք պետք են մյուս պետություններին: Նա ընդգծել է, որ նավահանգիստները պետք է բացել 60 օրվա ընթացքում, հակառակ դեպքում Ուկրաինայի տնտեսությունը կփլուզվի:
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ Ուկրաինայի նավահանգիստներում 25 մլն տոննա հացահատիկ է արգելափակվել։ Նրա խոսքով՝ ուկրաինական ճգնաժամը գլոբալ բնույթ ունի, քանի որ երկրից հնարավոր չէ ցորեն արտահանել:
Ռազմական հատուկ գործողությունից առաջ Ուկրաինան եգիպտացորենի չորրորդ ամենախոշոր արտադրողն էր աշխարհում և ցորենի մատակարարումների ցուցանիշով զբաղեցնում էր վեցերորդ տեղը` ըստ Ցորենի միջազգային խորհրդի (IGC) տվյալների:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 79-րդ օրը։
Զելենսկին պատրաստ է Էրդողանի միջնորդությամբ հանդիպել Պուտինի հետ