«Նա վարչապետի պաշտոնում կարող է խոչընդոտել գործի նախաքննությանը». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյան
Արթուր Ղազինյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, կարող է խոչընդոտել գործի նախաքննությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամներն ու համակիրներն այժմ դատախազության շենքի մոտ են։ Այնտեղ են նաև 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները, որոնք պահանջում են ձերբակալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Փաշինյանի ձերբակալումն անխուսափելի է, քանի որ նա կարող է դիմել փախուստի։ Պետք է կանխել Փաշինյանի փախուստը ՀՀ-ից։ Բացի այդ, նա, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, կարող է խոչընդոտել գործի նախաքննությունը»,- ասաց շարժման անդամներից Արթուր Ղազինյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ «Դիմադրություն» շարժման անդամներն ու համակիրները երթով Ֆրանսիայի հրապարակից դեպի դատախազություն են գնում։
Զոհված տղաներից Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, կոչ էր արել զոհվածների ծնողներին միանալ իրենց։ «Հայ ազգն արդեն մեր կողքին է, դուք էլ միացեք, զոհված տղաների ծնողնե՛ր։ Մեր պահանջն արդար է, և պահանջում ենք հրատապ ձերբակալել Փաշինյանին»,- ասել էր նա։
Ընդդիմադիրները որոշ ժամանակ կանգնեցին զոհվածների ծնողների կողքին, զրուցեցին նրանց հետ և շարունակեցին իրենց քայլերթը։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ էին անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ապրիլի 28-ին դատախազությունից ծնողներին հայտնել են, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։
Նշենք, որ ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Քրգործի նախաքննությունը հանձնված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։
Փաշինյանը կհարցաքննվի. դատախազությունը բավարարել է տուժողների միջնորդությունը