Խուզարկում են ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սուրեն Մանուկյանի բնակարանը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության վաշտի ծառայողները խուզարկում են ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սուրեն Մանուկյանի բնակարանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, որը նույնպես այնտեղ է, տեղեկացրեց, որ չգիտեն՝ ինչ գործի շրջանակում է։
«Ակնհայտ է, որ այս օրերի ընթացքում քաղաքական շոուի հեթական բեմադրումն է, երբ Նիկոլ Փաշինյանը, չունենալով այլևս որևէ հնարավորություն՝ ներկայացնելու իրականությունը և հեռանալու իշխանությունից, փորձ է անում գրավել նաև իրավապահ համակարգը»,- ասաց նա։
Նրա խոսքով` սա հերթական գործողությունն է, որի նպատակը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկարացնելն է` փորձելով ՀՅԴ գործունեությունը կասեցնել։
«Աննորմալություն է, մի օր բոլորը պատասխան են տալու»,- հայտարարեց պատգամավորը։
Տանը, որտեղ ներկա պահին դիմակավորված բազմաթիվ ՀՆՎ ծառայող կա, մանկահասակ երեխա է գտնվում։
Նշենք, որ մայիսի 2-ին, «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիաների ժամանակ Մանուկյանը կողոսկրի կոտրվածք է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի Խանջյան փողոցում. ոստիկաններից մեկը ոտքերով հարվածել էր, մյուսը ծունկը դրել էր նրա գլխին, այնուհետև բերման էին ենթարկել ոստիկանություն։ Վնասվածքի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց։