ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Ինչպես հայտնում է նախագահի լրատվական ծառայությունը, Հարությունյանն անդրադարձել է վերջին շրջանում հասարակական կարգի և ներքին անվտանգության դեմ ուղղված ոտնձգություններին` անսթափ վիճակում մեքենա վարելու, խուլիգանական դրդումներով հանցագործությունների թվի աճին։
«Եթե ոստիկանության աշխատակցի վրա կրակում են անսթափ վարորդից կարգ պահպանել պահանջելու պատճառով, նշանակում է` այդ կրակոցն ուղղված է եղել պետության դեմ»,- ասել է նա։
Արցախի նախագահն իրավապահ մարմինների ղեկավարներին հանձնարարել է խստացնել դրսևորվող ապօրինի գործողությունների դեմ պայքարը` անհրաժեշտության դեպքում կիրառելով օրենքով նախատեսված պատասխանատվության բոլոր միջոցները:
Նա ընդգծել է, որ Արցախում օրենքի առջև արտոնյալներ չպետք է լինեն, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձինք խիստ օրինակելի աշխատանքային ու էթիկական վարք պետք է դրսևորեն:
Հիշեցնենք` մայիսի 10-ին` երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում կրակոցներ էին հնչել, որոնց հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան: Հարուցվել էր քրեական գործ և ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել էր Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանը (հայտնի որպես գեներալ Օգանովսկի)։
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:
ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն «Արցախպրեսին» հայտնել էր, որ Արայիկ Հարությունյանը գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին աջակցող դիմումներ է ստացել, սակայն իրավասու չէ որևէ կերպ միջամտել իրավապահների աշխատանքին: