Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակից դիմեց Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին

Սաղաթելյանն իր ելույթում դիմեց նաև ՀՀ պետական համակարգի աշխատողներին` կոչ անելով միանալ պայքարին ու չտրվել ճնշումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը Երևանի Ֆրանսիայի հրապարակից դիմեց Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին։
«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձն այլևս չի կարող ներկայացնել հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը»,– ասաց Սաղաթելյանը։
Նա օտարերկրյա դիվանագետներին խնդրեց այդ պահանջը փոխանցել իրենց երկրների ղեկավարներին ու հաշվի առնել իրենց առօրյա աշխատանքում։
Սաղաթելյանն իր ելույթում դիմեց նաև ՀՀ պետական համակարգի աշխատողներին` նշելով, որ այս օրերին իշխանությունը ճնշում է, սպառնում, ոմանց նաև աշխատանքից ազատում` հանրահավաքներին մասնակցելու համար։
«Այդ նախարարներին ու մարզպետներին բանի տեղ մի դրեք։ Դրանց հաշված օրեր են մնացել։ Միացե՛ք պայքարին։ Բոլոր նրանք, ում այս օրերին աշխատանքից ազատել են, այս ամբիոնից վստահեցնում եմ և երաշխավորում, որ այդ աշխատանքին վրականգնվելու են, մի բան էլ ավել»,– ասաց նա։
Սաղաթելյանը դիմեց նաև հանրային հեռուստաընկերությանը` կոչ անելով ներկայացնել իրականությունը։
Իսկ ոստիկաններին նա կոչ արեց պարզապես չենթարկվել «իշխանության անօրինական հրամաններին»։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Ընդդիմությունն այսօրվա ակցիաները սկսել էր 4 ուղղություններով` Սասունցի Դավթի արձանի մոտից, Րաֆֆու փողոցից, Գայի պողոտայից և 15-րդ թաղամասից։