«Կարևոր գործ ունենք անելու». Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց մայիսի 11–ի պլանները

Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ավտոերթին զուգահեռ անցկացնել անհնազանդության ակցիաներ` առանց մանրամասնելու դրանց բովանդակությունն ու բնույթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ներկայացրեց վաղվա ակցիաների ժամանակագրությունն ու ցանկը։
Նրա խոսքով` վաղը ժամը 12։00-ից տարբեր ուղղություններով տեղի կունենան ավտոերթեր։
«Մենք մի անգամ պայմանավորվել, բայց կիսատ ենք արել։ Վաղը ժամը 12-ից բարձր երաժշտությամբ Երևան քաղաքում Արցախի դրոշներով ամեն մեկդ 2-3 մեքենայով կազմակերպեք ավոտերթ։ Մենք ամբողջ քաղաքը պետք է ողողենք Արցախի դրոշով»,– ասաց նա։
Սաղաթելյանը կոչ արեց նույն ժամին, ավտոերթին զուգահեռ, անցկացնել անհնազանդության ակցիաներ (առանց մանրամասնելու դրանց բովանդակությունն ու բնույթը), իսկ ժամը 16։00-ին` հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։

«12-ին ավտոերթ է, այնուհետև անհնազանդության ակցիաներ, իսկ 16։00-ին հավաքվում ենք այստեղ. կարևոր գործ ունենք անելու»,– եզրափակեց Սաղաթելյանը։

Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Ընդդիմությունն այսօրվա ակցիաները սկսել էր 4 ուղղություններով` Սասունցի Դավթի արձանի մոտից, Րաֆֆու փողոցից, Գայի պողոտայից և 15-րդ թաղամասից։