ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի– Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ժամանակ մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանի մոտ կանգ առան ու ծաղիկներ խոնարհեցին։
Ընդդիմադիրների երթը մեկնարկել է Ֆրանսիայի հրապարակից. Երևանի փողոցներով քայլելով նրանք կրկին վերադառնալու են նույն հրապարակ` որոշելու վաղվա անելիքները։
Պարոնյան-Լեո խաչմերուկը երթի մասնակիցները լուռ անցան, քանի որ օրեր առաջ Փաշինյանի ավտոշարասյան առաջին մեքենան վրաերթի էր երթարկել 29-ամյա հղի կնոջ և թողնելով անօգնական վիճակում` հեռացել դեպքի վայրից։ Այդ հատվածով առանց կանգ առնելու անցել էին նաև ավտոշարասյան մյուս մեքենաները։
Նշենք, որ այսօր Երևանի Ֆրանսիայի հրապարակում կայացավ ընդդիմության մեծ հանրահավաքը` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։