ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Վաղն առավոտյան ընդդիմադիրներն ավտոերթով կշարժվեն դեպի Գյումրի։ Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը` ներկայացնելով վաղվա անելիքները։
«Առավոտյան 9։30-ին Կարմիր խաչի մոտից կշարժվենք Գյումրի, որտեղ ժամը 13-ին հանրահավաք կլինի։ Իսկ ժամը 17։00-ին Ֆրանսիայի հրապարակում Արցախի շունչն է տիրելու` արցախցիները հետաքրքիր մշակութային միջոցառումներ են կազմակերպելու»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` վաղը մեծ հանրահավաք չեն ունենալու, քանի որ դրա հաջորդ օրը մայիսի 9-ն է, և հենց այդ օրը ժամը 17։00-ին մեծ հանրահավաք է սպասվում։
Սաղաթելյանը վստահեցրեց` կազմակերպված առաջ են գնում և գնալու են մինչև վերջ։
Նշենք, որ այս պահին նախատեսված է հանդիպում-դասախոսություն դերասան Հրանտ Թոխատյանի հետ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։