ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Անվտանգության խորհուրդը վերահաստատում է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը հրավիրված ԱԽ նիստում պատերազմը կանգնեցնելու որևէ առաջարկ չի արել: ԱԽ-ն պարզաբանում է տարածել` անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի` մայիսի 5-ին News.am լրատվական կայքին տված հարցազրույցում կատարած հայտարարությանը:
Տոնոյանը, մասնավորապես, ասել էր, թե վերահաստատում է, որ Գասպարյանը ԱԽ նիստում զեկուցել է, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել։
«Սույն պնդման առնչությամբ ներկայացնում ենք ԱԽ-ի՝ 2020-ի սեպտեմբերի 9-ի Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ, որոնցում պարոն Գասպարյանը մասնավորապես նշում է. «Պարո՛ն վարչապետ. ըստ էության` իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել ... Ամեն դեպքում, զորքերն իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք ... »։ Եզրափակելով իր ելույթը՝ Օնիկ Գասպարյանը նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»»,- ասվում է պարզաբանման մեջ։
Անվտանգության խորհրդի գրասենյակը մեկ անգամ ևս հրապարակել է վերոհիշյալ նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը:
Հիշեցնենք, որ նիստի քաղվածքի՝ հրապարակված 3 էջերի շուրջ 90 տոկոսի գաղտնիությունը պահպանված է։ Բացված է միայն դրա չնչին հատվածը, որի սակավությունն ընթերցողին թույլ չի տալիս հստակ դատողություններ անել հօգուտ կողմերից որևէ մեկի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021-ի ապրիլի 14-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ Գասպարյանի հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի։