ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կոչ է անում իշխանությանը զինված ուժերում ծառայությունից կամ եռամսյա վարժանքներում ներգրավվելուց փախչողներ իրենց շարքերում փնտրել։ Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ Աբրահամյանը նման հայտարարություն արեց։
Իշխանական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել` կոչ անելով ոստիկանությանը և ԱԱԾ-ին հավաքագրել ակցիաների ժամանակ բերման ենթարկված տղաների տվյալները և փոխանցել ՊՆ-ին, որպեսզի եռամսյա հավաքներում ներգրավեն նրանց։
Աբրահամյանը նշում է, որ ԱԺ-ում քննարկվել է բերման ենթարկված իրենց ընկերներին հավաքներին ներգրավելու հարցը։ Անդրանիկ Քոչարյանը հանձնարարություններ է տվել ստուգելու, թե բերման ենթարկվածներն արդյոք խուսափե՞լ են ծառայությունից և հավաքներին մասնակցելուց։
«Նրանք չեն հասկանում, որ զինված ուժերում ծառայությունը, հայրենիքի պաշտպանության գործում մասնակցությունը պատիվ է և բոլորիս արժանապատվության հարցը։ Նրանք բանակը որպես մահակ են ընկալում, իսկ զինված ուժերում ծառայելը` որպես սպառնալիք։ Դա ձեր էությունն է, ձեր մոտեցումը, իսկ մեզ համար հայրենիքին ծառայելը սրբազան գործ է»,- ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` իշխանությունը բանակի անունից խոսելու բարոյական իրավունք չունի, քանի որ բանակը չեն ներկայացնում նրանք, բանակը ներկայացնում են ծառայածները, բանակի համար ներդրում արածները։ Աբրահամյանը հավելեց, որ ուզում է հայտարարել` իրենք բանակի կողքին են։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին և 5-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։
Մայիսի 6-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։