ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ժամեր առաջ հրապարակված հայտարարությանը։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ ընթացիկ ներքաղաքական առճակատումն ավելի է թուլացնում ԼՂ հարցում առաջիկա դժվարագույն բանակցություններում ՀՀ դիրքերը: Նա ընդդիմությանն ու իշխանություններին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ շեշտելով, որ ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ միևնույն է՝ «նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին»։
Սաղաթելյանը հիշեցրեց, որ Տեր-Պետրոսյանը 1997-98 թթ. պնդում էր, որ առանց զիջումների Հայաստանը չի կարող զարգանալ։
«Բայց կյանքը ցույց տվեց, որ երբ քո փոխարեն եղավ այլ իշխանություն, մենք 20 տարի չզիջեցինք, և Հայաստանն ու Արցախը զարգացան չզիջելով։ Բայց երբ 2018 թվականին իշխանության եկան քո գաղափարների կրողները և հոգեզավակները, ասացին, որ պետք է տանք, ուրիշ ճար չկա, Արցախի 72 տոկոսը տվեցինք։ Մեր վզին որևէ մեկը, այդ թվում դու և Նիկոլը, որևէ բան չեք կարող փաթաթել»,- ասաց Սաղաթելյանը։
Ինչ վերաբերում է առաջին նախագահի՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչին, ապա, ըստ Սաղաթելյանի, իրենք ազգակործան-պատուհասի հետ, որին անձամբ նման բնորոշում էր տվել Տեր-Պետրոսյանը, խոսելու բան չունեն։