Բեռնատարներով և բետոնխառնիչներով փակել են Կիևյան կամուրջը. կան բերման ենթարկվածներ

Այս պահին դեպի մարզահամերգային համալիր գնացող ճանապարհահատվածում երթևեկությունը կաթվածահար է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Մի խումբ քաղաքացիներ այս պահին փակել են Կիևյան կամուրջը։ Տեղում բեռնատարներ են, բետոնխառնիչ մեքենաներ։
«Մենք չենք ուզում, որ երկիրը հանձնեն թուրքերին և ադրբեջանցիներին»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նշենք, որ ոստիկանները փորձեցին գործի գցել մեքենաները, սակայն չստացվեց, քանի որ վարորդները բանալիները տարել էին։
Իրավիճակը լարվեց, քանի որ մեծ թվով ոստիկաններ եկան այստեղ և բերման ենթարկեցին կամուրջը փակած քաղաքացիներին։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։
Մայիսի 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։