Մեծ թվով ոստիկաններ պատ են կազմել ԱԺ-ի մոտ. խորհրդարանում սպասում են Փաշինյանին

Ազգային ժողովի մուտքերի մոտ ոստիկանների մի քանի շարքով պատ են կազմել` վահաններով ու մահակներով զինված։
Sputnik
Իշխանությունները մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակել ԱԺ-ի գլխավոր ու ծառայողական բոլոր մուտքերի մոտ` Բաղրամյան պողոտայի ու Դեմիրճյան փողոցների կողմից։
Ազգային ժողովի մուտքերի մոտ ոստիկանները մի քանի շարքով պատ են կազմել` վահաններով ու մահակներով զինված։

Նշենք, որ այսօր, ժամը 16։00-ին, ըստ ԱԺ Կանոնակարգի, խորհրդարանում նախատեսված է ՀՀ կառավարության անդամների հետ հարցուպատասխանը, որին ավանդաբար մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք` երեկ Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքին Դիմադրություն շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ այսօր ժամը 15:30 քաղաքացիները հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի միասին հետևեն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, որին ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը։ «Նիկոլը գալու է ԱԺ, մենք պետք է լինենք այս հրապարակում իր հրաժարականի հանրային պահանջը ներկայացնելու համար»,- ասաց Սաղաթելյանը։
Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի և 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։