ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Եվրասիական միության երկրները կարող են իրական ինտեգրման հասնել սննդամթերքի արտադրության հարցում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի հարցերի նախարար Արտակ Քամալյանը «Սկոլկովո» հիմնադրամի և Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության կազմակերպած «Նոր հնարավորություններ բիզնեսի համար ԵԱՏՄ-ի շրջանակում» խորհրդաժողովում հայտարարեց, որ բիզնեսի համար նոր հնարավորություններ են ստեղծվելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ):
Նրա խոսքով` սակայն միանշանակ չէ այն հարցը, թե արդյոք Եվրասիական միությունում գործո՞ւմ է ընդհանուր շուկան։ Սովորական իրավիճակում այն կա, բայց ֆորս մաժորի դեպքում երկրները սկսում են «իջեցնել ուղեփակոցները» նույնիսկ միության գործընկերների համար։
Ստացվում է, որ Լիպեցկի բնակիչն ավելի լավ է ապահովված հացահատիկով և շաքարով, քան Ալմաթիի բնակիչը, ինչը միության տեսանկյունից սխալ է: Նման իրավիճակը ինտեգրացիոն միավորման բոլոր երկրներին դրդում է արտադրել բառացիորեն ամեն ինչ, նույնիսկ եթե դա տնտեսապես ձեռնտու չէ։ «Միևնույն ժամանակ, նույն շաքարի արտադրության մեջ երկրները կարող են իրական ինտեգրման հասնել»,- հավելեց Քամալյանը։
Օրինակ՝ Բելառուսը երկու անգամ շատ շաքար է արտադրում, քան սպառում է, մնացորդն արտահանում է Ղազախստան և Ռուսաստան։ Մյուս կողմից` Բելառուսում հնարավոր չէ շաքարի ճակնդեղի բարձր բերքատու սերմեր ստանալ. կլիման թույլ չի տալիս: Մինչդեռ այդպիսի սերմեր դեռևս խորհրդային ժամանակներից ստանում են Ղրղզստանում։
«Ա՛յ, այստեղ կարող է իրական կոոպերացիա առաջանալ, իրական սիներգետիկ էֆեկտ։ Բայց դրան պետք է ձգտել»,- շեշտեց Քամալյանը։
Ավելի վաղ նախարարն ասել է, որ Հայաստանը կարող է Ռուսաստանի և Բելառուսի համար բանջարեղենի սերմերի առանցքային մատակարարներից մեկը դառնալ, քանի որ այդ երկրները սերմերի մի մասը ներկրում են: