ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց համախոհները երթով անցնում են Երևանի կենտրոնական փողոցներով։
Ցուցարարները Ֆրանսիայի հրապարակից շարժվեցին դեպի Մոսկովյան, Աբովյան, Ամիրյան փողոցներ։
Երթին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ցուցարարները երգում են «Զարթի՛ր, լաո» երգը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։