Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին ազատ է արձակվել

ՀՀ քննչական կոմիտե
27–ամյա Շանթ Բագրատյանը կասկածվում է գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ 27–ամյա Շանթ Բագրատյանը, քիչ առաջ ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հայաստանի քննչական կոմիտեից։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Շանթ Բագրատյանին ձերբակալելու մասին այսօր հայտնել էր shamshyan.com–ը` նշելով, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):
Ըստ կայքի՝ նա մեղադրվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։
Այդ օրը անհայտ անձինք մուտք են գործել Վայք քաղաքի սկզբնամասում գտնվող, «Թամսար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տնօրեն, 45-ամյա Վահե Ասատրյանի աշխատասենյակ և, առանց որևէ պահանջ ներկայացնելու, ծեծի ենթարկել, իսկ նրանցից մեկը ձեռքին եղած մետաղական ձողով հարվածներ է հասցրել Ասատրյանին, ապա դիմել են փախուստի: