ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Երևանում պղծել են արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի կիանդրին։ Կիսանդրու լուսանկարը` քթի հատվածում կոտրվածքով, ֆեյսբուքյան էջում տարբեր օգտատերեր են տարածում, այդ թվում` անվանի նկարիչ Հաղթանակ Շահումյանի որդին` Արա Շահումյանը։
«Ես էլ կասկած չունեմ, որ Հայաստանում վխտում են կոնկրետ թուրք և տարբեր գործակալներ... Հիբրիդային պատերազմը պոզով-պոչով չի լինում։ Եթե իրավապահ մարմիններն ի վիճակի չեն վերահսկելու և պահպանելու մեր արժեքները, քուչի տղերքի ինստիտուտը հարկավոր է վերականգնել ու հայտնաբերելով պատժել գործակալներին տեղում»,- գրել է Շահումյանը։
Միաժամանակ, ոստիկանության լրատվական բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։
«Ապրիլի 13-ին` ժամը 18-ի սահմաններում, քաղաքացին ոստիկանություն է զանգել ու հայտնել, որ ապրիլի 10-13-ն ընկած ժամանակահատվածում մուրճանման առարկայով դիտավորյալ հարվածել ու վնասել են Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց հատվածում գտնվող` հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանի դեմքի հատվածը։ Քաղաքացուց հաղորդում է ընդունվել, դեպքի առնչությամբ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- ասացին ոստիկանությունից։
Հավելենք, որ Ազգալդյանի կիսանդրին տեղադրվել է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին։ Կիսանդրին քանդակել է Տիգրան Արզումանյանը։
Վանդալները պղծել են Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին
© Aram Nersesyan
Հիշեցնենք` իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում ապրիլի 2-ին հայտնել էր, որ պղծել են Թումանյան 10 հասցեում գտնվող շենքի պատի՝ Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիտին։ Սևացրել էին «Արցախը Հայաստան է, և վերջ» գրության «վերջ» բառը և խեղել պատկերի աչքի հատվածը։