Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասած տղամարդը ձերբակալվել է

58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական ցուցմունք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասած տղամարդը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ապրիլի 13-ին, ժամը 18.18-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 10-ից մինչև ապրիլի 13-ի ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում մուրճանման առարկայով վնասել են Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանի դեմքի հատվածը:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանությունը պարզել է արարքը կատարողի ինքնությունը:
«Երևանի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական ցուցմունք»,–նշված է հաղորդագրության մեջ։
Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է քննություն: