ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Երևանի Արին Բերդ փողոցի տներից մեկում պայթյունի հետևանքով մահացած տղան վերջերս էր տեղափոխվել այդտեղ ապրելու։ Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հայտնել է մահացած 19-ամյա տղայի հորեղբոր տղան` Կարեն Հովնիկյանը։
Հայտնել էինք, որ Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում այսօր առավոտյան տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։ Պայթյունի հետևանքով երիտասարդ տղա է մահացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Ռուբեն Հակոբյանը հայտնել էր` պայթյունը հեղուկ գազի բալոնից կամ դրան կցված ջրատաքացուցիչից արտահոսքի հետևանքով է եղել։
«Հորեղբորս տղան` Արամը, 1-1.5 ամիս էր, ինչ ապրում էր այստեղ։ Ինքն ու եղբայրն են ապրել այստեղ։ Արամը Պոլիտեխնիկում էր սովորում, առաջին կուրս էր, իսկ երեկոյան ժամերին էլ աշխատում էր»,–ասաց Կարենը։
Հարցին, թե հորեղբոր տղանե՞րն էին տեղադրել հեղուկ գազի բալոնը, Կարենը պատասխանեց, որ նրանք եկել, բնակվել են այստեղ, «ոչ մի բան էլ չեն սարքել»։ Կարենն ասում է, որ երեկ երեկոյան է խոսել Արամի հետ` տրամադրությունը բարձր էր, պայմանավորվել են, որ պետք է Կարենի ծնունդին մասնակցի։
Պայթյունի հետևանքով մահացած 19-ամյա Արամ Հովնիկյանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից էր։
Պայթյուն` Արին Բերդում
© Sputnik / David Galstyan