ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Մարտի 8-ից ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմն այսօր սկսել է Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:
Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` հավելելով, որ պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի։
«Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ: Միևնույն ժամանակ հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն և համոզվել, որ գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու դրա արդյունքում արտակարգ պատահար տեղի չունենա»,– ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Արցախի` Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել է, Իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքներն սկսելուն։
Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։