Արմավիրում վրաերթի հետևանքով 11–ամյա աղջնակ է մահացել

Շտապօգնության մեքենա. Արխիվային լուսանկար
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել երեխային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:50-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Ղազարյանն իր վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենայով, Արմավիր քաղաքի Երևանյան - Ջիվանու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիր քաղաքի բնակիչ, 11-ամյա Մելինե Վ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել երեխային։ Բայց դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է երեխայի մահը: Վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին։
Վրաերթի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացնում է մարդու մահ): Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: