Չավուշօղլուն Միրզոյանի հետ հանդիպումը կառուցողական և չափազանց արդյունավետ է կոչել

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կայացել են Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովի շրջանակներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցությունները կառուցողական և չափազանց արդյունավետ է անվանել, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Հայտնել ենք, որ այսօր Անթալիայում տեղի ունեցան Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների բանակցությունները։ Հանդիպումը տևել է շուրջ 30 րոպե։
Թուրքական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Երևանը ջանքեր կգործադրի Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման համար։
«Երևանը վճռական է տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ գործադրվող ջանքերի հարցում», - ասել է նա:
Չավուշօղլուն իր հերթին հավելել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև արվող քայլերից գոհ է նաև Ադրբեջանը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է մարտի 11-13-ն Անթալիայում անցկացվող դիվանագիտական 2-րդ համաժողովին։
Անթալիայում դիվանագիտական համաժողովն այս տարի անցկացվում է երկրորդ անգամ՝ Թուրքիայի նախագահի հովանու ներքո։ Համաժողովը գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ կարծիքների փոխանակման, ինչպես նաև արտաքին քաղաքական առանցքային խնդիրների լուծումների որոնմանն ուղղված նախաձեռնություն է: