Անթալիայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է մարտի 11-13-ն Անթալիայում անցկացվող դիվանագիտական 2-րդ համաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն հանդիպում են անցկացնում Անթալիայում։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։
Հանդիպումն անցկացվում է փակ դռների հետևում։ Հայտնի է միայն, որ օրակարգում երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հնարավոր է համարել Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է մարտի 11-13-ն Անթալիայում անցկացվող դիվանագիտական 2-րդ համաժողովին։
Անթալիայում դիվանագիտական համաժողովն այս տարի անցկացվում է երկրորդ անգամ՝ Թուրքիայի նախագահի հովանու ներքո։ Համաժողովը գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ կարծիքների փոխանակման, ինչպես նաև արտաքին քաղաքական առանցքային խնդիրների լուծումների որոնմանն ուղղված նախաձեռնություն է: