Քաղաքացուն մահացու վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է. ՔԿ

Քաղաքացուն մահացու վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Վարորդը, որը Երևանի բնակիչ է, հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Բացահայտվել է Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքը, փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ մարտի 6-ին՝ ժամը 08:10-ին, ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի ցուցանակի մոտ անհայտ անձի դի կա:
Քաղաքացուն մահացու վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր կողմից վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի 49-ամյա բնակչին և դիմել փախուստի՝ տղամարդուն անզգուշությամբ պատճառելով մահ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Երևան քաղաքի բնակիչը, որը հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, տոքսիկոքիմիական փորձաքննություններ, «BYD» մակնիշի ավտոմեքենան առգրավվել է, 49-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Քաղաքացուն մահացու վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Երևանի բնակիչը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի 1-ին մասի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վրաերթի ենթարկվածը Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող, Հրազդանում բնակվող 50-ամյա Գ. Ստեփանյանն էր: