Հայ և ռուս օդագնացները համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ 35 ժամ մնալով օդում

Օդագնացները շարունակել են թռիչքը, քանի դեռ վառելիք ունեին։
Sputnik
Հայաստանի օդագնացության ֆեդերացիայի ղեկավար Նաիրի Բարսեղյանը Ռուսաստանի ավիացիայի ֆեդերացիայի անդամ Սերգեյ Բաժենովի հետ միասին համաշխարհային ռեկորդ է սահմանել AX-9 դասի օդագնացով օդում գտնվելու տևողության առումով։ Այս մասին Բարսեղյանը հայտնել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Թռիչքը սկսվել է փետրվարի 16-ի առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում, մեկնարկը տրվել է Օրենբուրգ քաղաքից։

«Հպարտ եմ ոչ թե նրանով, որ համաշխարհային ռեկորդ եմ սահմանել, այլ այն, որ մեր երկիրը ընդգրկվելու է ավիացիոն սպորտաձևի պատմության մեջ»,- ասել է Բարսեղյանը։

Թռիչքը տևել է 35 ժամ, ինչից հետո տղամարդիկ բարեհաջող վայրէջք են կատարել։
Բարսեղյանն ու Բաժենովը ռեկորդին նախապատրաստվել են վերջին մի քանի տարիներին։
Նախորդ ռեկորդը գրանցվել է 2016 թվականի հունվարի 25-ին. Իվան Մենյայլոն ու Ֆյոդր Կոնյուխովը օդում մնացել էին 32 ժամ 20 րոպե։