Կենդանաբանական այգու յագուարը սատկել է

Յագուար
10 տարեկան կենդանու հանկարծակի մահվան պատճառը պարզելու համար լաբորատոր փորձաքննություն է իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Կենդանաբանական այգու յագուարը սատկել է։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը` հավելելով, որ կենդանուն իր վանդակում երեկ առավոտյան գտել են անշարժացած։
«Որևէ կլինիկական ախտանշան վերջին 3-4 օրվա ընթացքում, բացի դժվարաշնչությունից, չի եղել: Կերից հրաժարվել է միայն նախորդ օրը երեկոյան: Կատարել ենք հակաբիոտիկային բուժում, որից հետո յագուարն ակտիվացավ, սկսեց կես բաժնի փոխարեն մեկն ուտել: Մահը հանկարծակիի բերեց բոլորիս առավոտ կանուխ՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր»,–գրել է նա։
Մկրտչյանը հայտնում է, որ այգի են ժամանել ՍԱՏՄ աշխատակիցները, լաբորատորիայի գլխավոր դիահերձողն ու ագրարային համալսարանի պրոֆեսորները՝ դիահերձում կատարելու, 10 տարեկան կենդանու հանկարծակի մահվան պատճառը պարզելու համար:
Նախնական ախտորոշմամբ` պատկերը բնորոշ է քրոնիկ բրոնխոպնևմոնիայի. ախտահարված էին կենդանու թոքերը, բրոնխները, լյարդն ու փայծաղը: Լաբորատոր և դիահերձման պատասխանները պարզ կլինեն 3-4 օրվա ընթացքում։
Նա հավելում է, որ յագուարը ՀՀ են բերել Վրաստանից` 2013թ-ին: Նա Երևանին նվիրաբերված առաջին կատվազգին էր։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին այգու ներկա և նախկին աշխատակիցները ակցիա են իրականացրել՝ բողոքելով կենդանիների թվի կրճատման դեմ։
Այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը հայտարարել էր, որ այգում վերջին 6 ամսվում բազմաթիվ կենդանիներ են սատկել, սակայն այդ մասին չի բարձրաձայնվել։ Այգին հաստատել էր միայն, որ անգղեր են սատկել։
Դեռ 2019 թ-ին այգու շուրջ բազմաթիվ սկանդալներ եղան՝ կապված տարօրինակ հանգամանքներում կենդանիների մահվան հետ։ Նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հեռացվեց աշխատանքից, իսկ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արևիկ Մկրտչյանը։