ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ դատախազությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ չորրորդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Արամ Վարդանյանից («Վստրեչի Ապեր» -խմբ.), նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող 10 բնակարանները, բնակելի տները, խանութը, շինությունները, Կոտայքի և Տավուշի մարզերում գտնվող 4 հողամասերը, 2 տրանսպորտային միջոցները։
Հաղորդագրությունում նշվում է, որ անհնարինության դեպքում՝ պետք է բռնագանձել դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 870.997.100 ՀՀ դրամ, ինչպես նաև 260.298.106 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 472.097.316 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:
Նշենք, որ 2021 թվականի մայիսի 11–ին հայտնի դարձավ, որ քրեական հեղինակություն Արամ Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 3-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով, 1691-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով: