Գրիգորիչի պատշգամբում զրուցում էինք. Լևոն Քոչարյանը` Սիրուշոյի հետ առաջին հանդիպման մասին

Լևոն Քոչարյանը ցույց է տվել այն պատշգամբը, որտեղ 2001 թվականին իրեն հյուրընկալել էր կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Instagram-ի իր էջում գրառում է արել ու վերհիշել կնոջ` երգչուհի Սիրուշոյի հետ առաջին հանդիպումն ու այդ հարցում կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի դերակատարությունը։
Քոչարյանը հրապարակել է իր և կնոջ լուսանկարը Սևանա լճի հյուրանոցներից մեկի ֆոնին։

«Սա Կապուտակ Սևանն է, ետևում նշված է այն սենյակը, որտեղ ամեն ամառ հանգստանում էր Արթուր Գրիգորյանը՝ իր շուրջ համախմբելով մի խումբ տաղանդավոր երգիչների, ստեղծագործողների…Ամեն երեկո նրանք բոլորը հավաքվում էին Գրիգորիչի սենյակում և միասին խաղեր խաղում, զրուցում...Ես ևս առիթ ունեցա մի քանի անգամ եղբորս հետ լինել այդ սենյակում ու հենց այդտեղ ծանոթացանք Սիրուշոյի հետ: Ես 15 տարեկան էի, Սիրուշոն` 14, սենյակի ամենափոքրերն էինք. Գրիգորիչի պատշգամբում զրուցում էինք ու փորձում իրար ճանաչել»,-գրել է Լևոնը:

Նա շնորհակալություն է հայտնել հանգուցյալ կոմպոզիտորին, որ 2001 թվականի ամռանն իրենց հյուրընկալել է, ինչի շնորհիվ էլ սկիզբ է դրել իր ընտանիքի ստեղծմանը։
«Հիմա մեր երեխաներին ենք ցույց տալիս այդ պատշգամբը և նրանց ենք պատմելու, թե ինչ մեծ տաղանդ էր այդտեղ բնակվում, ով իր ահռելի մեծ ավանդն ունի հայ մշակույթի մեջ»,-գրել է Լևոնը:
Նշենք, որ ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը մահացել է փետրվարի 4-ին 63 տարեկանում, պատճառը քաղցկեղն էր։