Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտոր Ստեֆան Պալաժի ուղեկցությամբ շրջայց է կատարել Լյուքսեմբուրգի համալսարանում և ծանոթացել հաստատության հետազոտական և կրթական ծրագրերին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳ մամուլի ծառայությունից։
Անդրադառնալով երկու երկրների միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցությանը՝ Միրզոյանը նշել է, որ այն երկկողմ օրակարգի կարևոր ուղղություն է։
«Հիմնադրման օրվանից տասնյակ հայ ուսանողներ կրթություն են ստացել Լյուքսեմբուրգի համալսարանում, և շարունակաբար ավելանում է այս հաստատությունում ուսանելու պատրաստակամություն հայտնող Հայաստանի քաղաքացիների թիվը։ Հուսով եմ, որ Երևանի պետական համալսարանի և Լյուքսեմբուրգի համալսարանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում կստորագրվի համագործակցության մասին փաստաթուղթ, որն իրավական հիմքեր կապահովի ուսանողների փոխանակման և համատեղ հետազոտական ծրագրերի համար»,- նշել է Միրզոյանը։
ԱԳ նախարարն իր գոհունակությունն է հայտնել նաև համալսարանի տարածքում «Թումո» ստեղծարար կրթության կենտրոնի հյուրընկալման նախաձեռնության առչնությամբ՝ երախտագիտություն հայտնելով Լյուքսեմբուրգի համալսարանին` նախագիծն առաջ մղելու վճռկանության համար:
Միրզոյանն ընդգծել է, որ «Թումո» կենտրոնի բացումը կլինի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի նշանակալի իրադարձություններից մեկը։
Հիշեցնենք՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում հունվարի 25–ին Միրզոյանն այցելել էր «Շենգենյան համաձայնություն» հուշարձան: