ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն Ռուսաստանի` անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների պատասխանը համակարգել է դաշնակիցների և Ուկրաինայի հետ։ Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Մենք ստացել են նրանց դիրքորոշումը և ընդգրկել մեր պատասխանում», - ասել է նա։
Բլինկենի խոսքով` ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակի, սակայն դեռևս նախընտրելի ճանապարհ է համարում դիվանագիտությունը։
ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտնել է, որ ավելի ուշ ՆԱՏՕ-ն էլ իր փաստաթուղթը կհանձնի Մոսկվային: Դա, ըստ Բլինկենի, նույնպես համապատասխանում է Վաշինգտոնի պատասխանին։
Հիշեցնենք` 2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ամերիկյան կողմը գրավոր կպատասխանի Ռուսաստանի առաջարկներին։ Լավրովը նշել էր, որ ճիշտ կլինի հրապարակել ԱՄՆ-ի պատասխանը։
Այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ–ն Ռուսաստանին է փոխանցել անվտանգության վերաբերյալ առաջարկների պատասխանը։