ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք:
Մասնավորապես, ՊԵԿ աշխատակիցներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ նախատեսվում է փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից ՀՀ տարածք օդային ուղով, մաքսանենգ ճանապարհով ներմուծել հեռախոսներ:
Մեծածածավալ գործողությունների արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի տարածքում հայտնաբերվել են ՌԴ–ից փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով մաքսանենգ ճանապարհով ներմուծված հեռախոսները:
«Հայտնաբերվել է 1328 հեռախոս, որոնց շուկայական արժեքը կազմել է մոտ 600 000 ԱՄՆ դոլար: Որոշ մոդելներ, ի դեպ, հայաստանյան շուկայում վաճառվում են 600,000-ից մինչև 1,200,000 ՀՀ դրամի սահմաններում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ տեղեկության՝ մաքսանենգ ճանապարհով փորձ է արվել նաև ներկրել մեծ քանակությամբ պլանշետներ, էլեկտրոնային ծխախոտներ և հեռախոսների աքսեսուարներ: Ներմուծված բեռների բոլոր արկղերի վրա փակցված են եղել միևնույն պիտակները:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Վերը նշված ապրանքներն առգրավել են։
Նախնական հաշվարկի համաձայն` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս, որի վերջնական չափը կհստակեցվի։
ՊԵԿ–ը փոստային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերություններին հորդորում է չկազմակերպել, չօժանդակել, ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից և երրորդ երկրներից մաքսանենգ ճանապարհով ապրանքների ներմուծումներ ՀՀ տարածք: Շեշտվում է, որ նմանատիպ բոլոր դեպքերում միջոցներ են ձեռնարկվելու օդային փոխադրողներին ևս միջազգային նորմերին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար: