Ելենա Կարաևա, ՌԻԱ Նովոստին
Բանակցությունների մեկնարկից առաջ համառորեն ընդգծվում էր, որ բանավեճը ոչ ֆորմալ բնույթ է կրում (երևի նաև հնարավոր հետևանքների պատասխանատվությունից զերծ մնալու համար)։ Հետևանքներ, որոնք կարող են շատ լուրջ լինել առաջին հերթին թե՛ եվրոպացի քաղաքական գործիչների, թե՛ միացյալ Եվրոպայի բնակիչների համար։
Բայց ամեն ինչի մասին՝ հերթով։ Այս ձևաչափով ներկայիս հանդիպումը երկրորդն է վերջին տասը օրվա ընթացքում։ Դրա գլխավոր թեման չի փոխվում․ ԵՄ-ն ուզում է պատժել (առանց որևէ չակերտի կամ որևէ չափազանցության) Ռուսաստանին այն բանի համար, որ վերջինս առաջարկում է աշխատել մայրցամաքում անվտանգության նոր քաղաքականության ուրվագծերի ուղղությամբ` hաշվի առնելով ինչպես սեփական շահերը, այնպես էլ եվրոպացիների, որոնք կարող են (նույնիսկ եթե իրենք էլ առայժմ չեն գիտակցում) հարվածի տակ ընկնել։
Եվրամիությունը, դժգոհ մնալով, որ Ռուսաստանի կողմից ուղարկվել է (ի դեմս գլխավոր դիվանագետ Բորելի) ծալովի աթոռակին նստելու և նախասրահում սպասելու, մինչ երկու գերտերությունները լուծում են կուտակված խնդիրները, մտադիր է իր «ֆէ»-ն արտահայտել ռուսական արտաքին քաղաքականությանը, բայց այնպես, որ չբարկացնի ո՛չ Մոսկվային, ո՛չ Վաշինգտոնին։
Որովհետև Մոսկվային բարկացնելու դեպքում հնարավոր է, մեկ էլ տեսար, հարաբերություններում լարվածության նոր հանգույց առաջացնել, ինչը կարտահայտվի էներգակիրների գնի բարձրացման տեսքով (հնազանդ և արդեն կյանքի որակի կտրուկ վատթարացումից բացի փաստացի ամեն ինչի համաձայնող եվրոպական բնակչության համար), իսկ ամերիկացի քաղգործիչներին բարկացնելու դեպքում կարելի է զրկվել գլոբալիստական էլիտաների աջակցությունից։
Ինչպե՞ս է Եվրամիությունը պատրաստվում դուրս գալ այն թակարդից, որն ինքն է իր համար լարել ու ընկել մեջը։ Հասկանալի է, որ այնպիսի որոշում, որը բոլորին ձեռնտու կլիներ, այս պահին պարզապես չկա։ Ուստի, երբ ԱՄՆ-ն խոսում է Ռուսաստանի հանդեպ ԵՄ «պատժամիջոցների» մասին, նրանք Ատլանտյան օվկիանոսի մյուս ափից ոչ թե արձագանք, այլ կակոֆոնիա են լսում։
Արևելյան, զգալիորեն պակաս հարուստ նեո-Եվրոպան, որը սովորել է ապրել ԵՄ-ի շռայլ սուբսիդիաների հաշվին, այսօրվա դրությամբ փաստացի բացառապես ռուսատյացություն վաճառելով, Ռուսաստանի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ է պահանջում։
Այնտեղի քաղգործիչները կարծում են, որ իրենց ավագ գործընկերները (և դա արդեն նույնիսկ Բրյուսելը չէ, այլ Վաշինգտոնը) իրենց կփոխհատուցեն ամբողջ հիպոթետիկ վնասը, անգամ՝ տոկոսներով։
Արևմտյան Եվրոպան (որի անունից այժմ երկու երկիր է խոսում՝ ԳԴՀ-ն և Ֆրանսիան), բանավոր աջակցելով կոալիցիայի կրտսեր գործընկերներին, զգալիորեն ավելի զուսպ է արտահայտվում։
Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը խուսափում են թե՛ կտրուկ բառերից, թե՛ կոշտ ձայներանգներից, քանի որ գերմանական կառավարությունից լավ ո՞վ կարող է իմանալ, որ ձմռան կեսին երկրի վառելիքի պահեստներում պահանջվող պաշարների կեսից էլ քիչն է առկա, իսկ Ֆրանսիայում ավտոմեքենաների բենզինի գինը վաղուց արդեն անցել է մեկ լիտրի դիմաց մեկուկես եվրո սահմանանիշը, և գնապիտակների այս վալսին, ինչպես կրակին դրած կաթին, հետևում են արդեն Ելիսեյան պալատից։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների (թե՛ ոլորտային, թե՛ ընդհանուր) սահմանումից ուղիղ ութ տարի անց (այն բանի համար, որ Ռուսաստանը ղրիմցիներին պաշտպանեց արյունահեղությունից և քաղաքական աջակցություն հայտնեց Դոնբասի ռուսներին) ԵՄ-ում, ըստ ամենայնի, սկսում են գլխի ընկնել, որ սահմանափակումները, գրեթե ոչ մի կերպ չազդելով մեր տնտեսության կառուցվածքի և զարգացման վրա, ինքնագոլ են դարձել համաեվրոպական տնտեսության դարպասներին։ Որքան էլ նրանք, ովքեր ընդունել և երկարաձգել են այդ պատժամիջոցները, փորձեն հակառակը համոզել։
Եթե դիտարկենք միայն պաշտոնական վիճակագրությունը, արդյունքը երկակի մեկնաբանության տեղ չի թողնում (անգամ եթե հաշվի չառնենք համավարակը)։
Եվ այն հետևյալն է․ կյանքի արժողության աճ միացյալ Եվրոպայի ամբողջ տարածքում, սրընթաց գնաճ (որը նախադեպը չունի եվրոյի հաստատումից ի վեր, այսինքն՝ անցած երկու տասնամյակում) և էներգակիրների վեր խոյացող գներ։
Եվ արդեն կարևոր չէ, որ այս տարիների ընթացքում փոխվել է Եվրահանձնաժողովի ղեկավարությունը, և Եվրախորհրդարանում նստած են արդեն բոլորովին այլ պատգամավորներ, տնտեսական գործունեության անկման վեկտորը, որի մասին, ի դեպ, ռուս քաղգործիչները դեռ 2014-ին փորձում էին զգուշացնել ԵՄ-ին (ախ, այդ ռուսական կարեկցանքն ու անգամ իրեն մեր հակառակորդը համարողի մասին հոգ տանելու ցանկությունը) այսօր անհնար է չնկատել։
Եվ հաշվի չառնել նույնպես հնարավոր չէ, անգամ եթե Վաշինգտոնն է հրավիրում մասնակցելու հակառուսական խաղերի։ Ռուսատյացության գլխավոր գծի ամենաչնչին տատանումների դեպքում ինչպես ուկրաինացի, այնպես էլ բուն Եվրոպայում ուկրաինականություն խաղացող քաղաքական գործիչների հիստերիկան անուղղակի ապացույցն է այն բանի, որ Ռուսաստանի հանդեպ կոշտությունը դադարել է ունիվերսալ լծակ լինել։
Կիևը, որը ժամանակ առ ժամանակ վրդովվում է մեկ Բեռլինի դիրքորոշումների, մեկ Փարիզի հայտարարությունների պատճառով, խաղում է կեղծ խաղաթղթերով, որոնք նրան են տվել ամերիկացի գործընկերները, դադարել է համոզիչ լինել նրանց աչքում, ում ուզում է լուրջ կողմ թվալ միջազգային հարաբերություններում։ Որքան էլ փորձի։
Փարիզն ու Բեռլինը, մտահոգության միայն արտաքին տեսանելիություն պահպանելով, այսօր գերադասում են զգուշավոր արդարացումները` հասկանալով, որ եթե սկսվի Ուկրաինայի սադրած խառնաշփոթը, քաղաքական պատասխանատվությունը հենց իրենք են ստիպված լինելու կրել, ինչպես և Վաշինգտոնի աշխարհաքաղաքական հավակնությունների համար նույնպես այդ երկու երկրների իշխանությունները և, ինչը ոչ պակաս կարևոր է, ժողովուրդներն են վճարելու։
Մեծ Բրիտանիայի անսպասելի միջամտությունը եվրոպական աշխարհաքաղաքական դասավորությանը (Կիևում «ռուսամետ առաջնորդ» նստեցնելու Մոսկվայի պլանների մասին սենսացիայով)՝ սպասքի խանութ ներխուժած փղի նրբագեղությամբ և մոտավորապես նույն արդյունավետությամբ, հազիվ թե ըմբռնման արժանանա մայրցամաքում։
Բրիտանացիները, չկարողանալով առանց սկանդալների և պահանջների բաժանվել Եվրամիությունից, այսօր փորձում են գործընկերություն խաղալ Ուկրաինայի հետ` թերևս մոռանալով, որ Բեռլինն ու Փարիզը, ինչպես և Հռոմն ու Վիեննան աշխարհագրորեն և ֆինանսապես ավելի մոտ են Լոնդոնին, քան Կիևը։
Եվ այս քայլը, բնականաբար, չի կարող ատամների կրճտոց չառաջացնել Միացյալ Թագավորության վարչապետի գործընկերների մոտ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տարիներ շարունակ Եվրոպայում եթե գտնվում էին այնպիսիք, ովքեր արյունոտ շիլա էին ուզում, եփում էին եվրոպական սահմաններից նկատելիորեն հեռու մի տեղ՝ Աֆրիկայում կամ Ասիայում։ Բայց յուրաքանչյուր տասնամյակի հետ պատերազմի և խաղաղության սահմանը մոտենում էր Եվրոպային, ինչպես և հակամարտության ուռճացված (անփութության կամ ագահության պատճառով) հրդեհի հետևանքները։
Հարավսլավական դասերը, երբ միացյալ Եվրոպան առաջին անգամ բախվեց թե՛ փախստականների, թե՛ մայրցամաքում զենքի տարածման հետ, այդպես չյուրացվեցին։ Այժմ մի քանի անգամ աճում է հակամարտության սպառնալիքը, հատկապես Կիևին սպառազինություն մատակարարելու, ինչպես նաև բանակային հրահանգիչների ժամանմանը զուգահեռ։
Բայց «Բրյուսելում նիստավորվածները» այդ վտանգը գերադասում են չնկատել` ձևացնելով, թե պատրաստ են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ հայտարարել «ագրեսիվ վարվեցողության» համար։
Ստեղծված իրավիճակը հիշեցնում է այն, ինչ արդեն եղել է մայրցամաքում նախորդ դարի 30-ականներին, երբ տնտեսական պատժամիջոցներ էին հայտարարվում ԽՍՀՄ-ին նկատմամբ, մինչդեռ Եվրոպայի նկատմամբ իրական սպառնալիքը նացիստական Գերմանիայից էր բխում։
Ցավոք, այդ դարաշրջանի և այդ պատմության դասերը, դատելով մեր օրերում տեղի ունեցող իրադարձություններից, վաղուց և լիովին մոռացվել են։ Այնպես որ հաստատ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ է լինում, երբ սխալվում են իրական, այլ ոչ թե հնարովի ագրեսորի իրական մտադրությունների հարցում։