ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ղազախստանի Նուրսուլթան և Ալմաթի քաղաքներում, ինչպես նաև Ալմաթիի, Աթիրաուսկի, Ժամբիլի, Կըզըլորդինի ու Մանգիստաուսկի մարզերում հունվարի 19-ի կեսգիշերից դադարեցվում է արտակարգ դրության ռեժիմը: Տեղեկությունը Facebook-ում հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վաղաժամկետ չեղյալ էր հայտարարել արտակարգ դրությունը մյուս տարածաշրջաններում:
Ուալիի խոսքով ՝ երկիրը վերադառնում է նորմալ կյանքի։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից սկսվել է հունվարի 13-ին:
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: