«Հեղափոխական» իշխանությունները 2018-ից ի վեր ամեն ինչ արել են Հայաստան-սփյուռք հարաբերությունների քայքայման, դրանց վերջնական խզման համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը։
Նրա խոսքով` այդ ուղղությամբ արված առաջին մեծ քայլը համապատասխան գերատեսչության լուծարումն էր, այնուհետև սփյուռքի հարցերով հանձնակատարի պաշտոնում Զարեհ Սինանյանին առաջադրելը, որի հավանական պաշտոնանկության մասին լուրերը վերջերս բավականին հաճախ են հայտնվում մամուլում։
«Ի՞նչ է արել Սինանյանը հանձնակատարի պաշտոնում սփյուռքն ի մի բերելու կամ սփյուռք-Հայաստան կապերը խորացնելու համար։ Ո՞վ կարող է նշել գոնե մեկ գործողություն, որևէ միջոցառում, որևէ քայլ։ Հիմա էլ ասում են, թե հեռացնելու են։ Ակնհայտ է, չէ, որ ուզում են Սինանյանին փոխել մեկ ուրիշ, ավելի ուժեղ քանդարարով, որը կարող է գալ և քանդել ստեղծված կապերը, հակամարտություններ մտցնել սփյուռքի տարբեր կառույցների միջև»,- նշեց նա։
Սրապիոնյանը պատահական չի համարում նաև օրերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ահազանգն այն մասին, որ սփյուռքը տանգնապի մեջ է։ Նախկին նախարարն ասում է` սփյուռքի նախարարությունը վերածվել էր «ցեմենտող» մի կառույցի, որը մեկտեղել էր սփյուռքի ամենատարբեր, հաճախ իրար չհանդուրժող կառույցներին։ Նրանք համախմբվել էին հզոր հայրենիք ստեղծել ու շուրջ և այդ հզոր հայրենիքի տեսլականը բոլորի մեջ կար։ Հիմա արդեն այդ հանդուժողականության, միմյանց հասնելու պատրաստակամության թելերը կտրվում են և ամեն օր մաշվում են շագրենի կաշվի նման։
«Արամ Ա-ն տեսնում է, որ սփյուռքը գլորվել է այնքան հեռու, որը հիշեցնում է 20-րդ դարի 20, 30 40-ականները, երբ տարբեր գաղափարական կառույցների միջև նոր-նոր ստեղծվում էին կապեր` թույլ, երերուն։ Վեհափառը տեսնում է, որ այս երկիրը մաշվում է ամեն օր շագրենի կաշվի նման, որ այս երկիրը ձեռք քաշեց իր վերականգնված պատմական հայրենիքից` Արցախից, որ այս երկրում ջահելներ ու տարածքներ կորցնելով` բարբաջում են խաղաղության դարաշրջանի մասին։ Պարզ է, որ մի հոգևոր հովիվ, որը տոգորված է հայրենասիրական զգացումներով, պիտի տագնապի և ահազանգ հնչեցնի»,- ընդգծեց Սրապիոնյանը։
Նախկին նախարարը կարծում է, որ Հայաստան-սփյուռք կապերը վերականգնելու միակ ճանապարհն օր առաջ այս իշխանությունների հեռացումը և ազգասեր ու ազգընտիր կառավարության ձևավորումն է։
Նշենք, որ հունվարի 15-ին լիբանանահայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ասել է, որ սփյուռքը սկսել է անտարբեր լինել ինքն իր նկատմամբ, հուսախաբ` Հայաստանի նկատմամբ, հատկապես Արցախի պատերազմից հետո։
Վեհափառը պարզաբանել է, որ 2022-ը Սփյուռքի տարի է հռչակել, քանի որ սփյուռքը տագնապի մեջ է։