ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Օրենսդրորեն պետք է ամրագրվի, որ քաղաքական գործիչներն իրավունք չունեն ընթացիկ քրգործերի վերաբերյալ դատողություն անելու։ Ազգային ժողովում դատավորների հետ քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց փաստաբան Արմինե Ֆանյանը։
«Այս կամ այն քրգործով քաղաքական գործիչների հրապարակավ մեղադրական բնույթի կարծիքներ են հնչեցնում, և դրան զուգընթաց քննիչը կալանավորման միջնորդություն է ներկայացնում։ Սա չի կարող չազդել կալանավորման գործընթացների վրա։ Օրենսդրական արգելք պետք է լինի զսպվածություն սահմանելու առնչությամբ, սա բխում է իշխանությունների տարանջատման սկզբունքից»,–ասաց Ֆանյանը` հավելելով, որ երբ քաղաքական գործիչը կարծիք են հայտնում որևէ քրգործի առնչությամբ, ապա դա ուղղակի ճնշում է դատարանի վրա։
Փաստաբան Արա Ղազարյանն էլ կարծում է, որ Հայաստանում գնալով նվազում է կալանավորումների թիվը, սակայն կա մեկ հարց` որոշ գործերով, երբ կալանքը սպառել է իր նպատակը, անձը շարունակվում է պահվել կալանքի տակ։ «Այստեղ պետք է քաղաքական պատվեր տեսնել, մանավանդ եթե քաղաքական գործ է։ Եթե անձը 3 ամիս մնացել է ազատության մեջ և քննությանը չի խոչընդոտել, ինչո՞ւ են հանկարծ նրան կալանավորում. սա արտաքին ազդակի դեպքում կարող է լինել։ Կարծում եմ` խափանման այլընտրանքային միջոցները պետք է ավելանան»,–ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով` ձեռքով քրգործերը դատավորներին մակագրելու հարցով պետք է օրենսդրական բարեփոխում անել։ Ղազարյանը նշեց` այդ հին, «պապենական մեթոդից» պետք է հրաժարվել, քանի որ այն դատարանների անկախության հետընթացի պրոցես է։
Դատախազության ներկայացուցիչ Կարեն Ամիրյանն էլ իր հերթին նշեց, որ, իսկապես, կալանավորումների վերաբերյալ որոշումների նվազման միտում կա վերջին 1-2 տարիներին։ Ամիրյանի խոսքով` դատախազությունը կալանավորման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն էր մշակել, որը, սակայն, որևէ արձագանքի չի արժանացել և նախագծի տեսքով է մնացել։
«Նախագծում դատախազությունը շեշտադրել էր, որ կալանքի երկարացման վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու պարագայում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է հիմնավորել` ինչ միջոցներ է ձեռնարկել քրգործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ։ Այսինքն` օրենսդրորեն պետք է ամրագրել, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է հիմնավորել իր կողմից կատարված պատշաճ ջանասիրությունը»,–ասաց Ամիրյանը` հավելելով, որ դատախազությունը տեսել և տեսնում է բազմաթիվ խնդիրներ և շուրջ 3 տարի է` օրենսդրական նախաձեռնություն էլ կա։
Միաժամանակ, Ամիրյանը բացառեց կալանավորման հարցում քաղաքական ազդեցությունը, ըստ նրա՝ բացառվում է, որ կարող է քննիչին ոչ իրավաչափ ցուցում տրվի, թե կոնկրետ դեպքում անհրաժեշտ է կալանավորման գնալ։