ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Ղազախստանից ՀԱՊԿ-ի խաղաղապահների վերադարձը կավարտվի հունվարի 19-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Պետք է տուն վերադառնալ` մենք մեր առջև դրված խնդիրը կատարել ենք»,–ի պատասխան ասել է Պուտինը։
Նրա խոսքով` շատ արագ հաջողվել է կենտրոնացնել անհրաժեշտ ուժերն ու ռեսուրսները։
«Ամեն ինչ բառացիորեն ժամացույցի նման է աշխատել` արագ, համակարգված և արդյունավետ»,–հավելել է Պուտինը։
Նա շնորհակալություն է հայտնել Շոյգուին, Գլխավոր շտաբին, բոլոր նրանց, ովքեր ղեկավարել են գործողությունը։ Պուտինը հույս է հայտնել, որ զինված ուժերի կիրառման այս պրակտիկան լրացուցիչ կուսումնասիրվի։
Նախատեսվում է, որ հունվարի 14-ին Ղազախստանից կմեկնի ՀԱՊԿ խաղաղապահներով «զինված» 14 ինքնաթիռ:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Հայտարարվել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին: