ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Իրանի համար սկզբունքային քաղաքականություն է երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն աջակցելը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, տեղեկանում ենք իրանական tasnimnews-ից։
Հայտնել էինք, որ այսօր Փաշինյանը և Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին։
Ռայիսին վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի ինքնիշխան տարածքների և ճանապարհների առնչությամբ` ողջունելով Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում բանակցությունները։
«Հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա մյուս խնդիրները կկարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ միջազգային սկզբունքների և օրենքների շրջանակներում, և ականատես կլինենք տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության»,–ասել է Ռայիսին։
Իր հերթին Փաշինյանն Իրանի նախագահին տեղեկացրել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանակցությունների ընթացքի մասին:
Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանի Ազգային անվանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ նույնպես հայտարարել էր` տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, սահմանների անխախտելիությունն Իրանի համար կարմիր գծեր են, և Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում որևէ տարածքային փոփոխություն: